«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Ցավոք, այսօր վաղ միջնադարյան չքնաղ կոթողը գտնվում է անմխիթար վիճակում»

«Ցավոք, այսօր վաղ միջնադարյան չքնաղ կոթողը գտնվում է անմխիթար վիճակում»
21.08.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-Ի ՓՈՍՏԻՑ
Օձունի հսկա տաճարը հայ ճարտարապետության եռանավ բազիլիկից գմբեթավորի անցման նախօրինակ է, իսկ 6-րդ դարում շինաքար օգտագործված 4-րդ դարի եկեղեցուց պահպանված քանդակները համաշխարհային քրիստոնեական քանդակագործության կարևոր նմուշներ են։ Եկեղեցին երեք կողմից երիզող կամարակապ գավիթը նույնպես եզակի է։ Գմբեթը մեր եկեղեցու ամենահին և երբեք չքանդված գմբեթներից է։ Օձունի սբ. Աստվածածին եկեղեցին Օձունի ենթաշրջանի 9 գյուղերի միակ գործող եկեղեցին է, որը բավարարում է նաև նրանց հոգևոր պահանջները։ Ամեն կիրակի պատարագ է մատուցվում, կնունքներ և պսակներ են արվում։ Եկեղեցու խորանի տակ ամփոփված է Հիսուսի բարուրաշորը, որին խոնարհվելու, եկեղեցու քանդակներով և ճարտարապետությամբ հիանալու համար ոչ միայն հայ, այլև բազմաթիվ օտարազգի ուխտավորներ և զբոսաշրջիկներ են այցելում Օձուն։
Ցավոք, այսօր վաղ միջնադարյան չքնաղ կոթողը գտնվում է անմխիթար վիճակում։
Եկեղեցին խաչից մինչև հիմքեր իջնող ճաքեր ունի հարավային, արևմտյան և հյուսիսային կողմերից։
Թմբուկի արևմտյան լուսամուտի ներքևի հատվածը երկու կողմերից պոկված ու կախված վիճակում է և ամեն պահ կարող է փլուզվել ու մարդկային զոհերի պատճառ դառնալ։
Եկեղեցու հիասքանչ կամարակապ գավթի հյուսիսային սյունաշարը ոչ թե փլուզվել, այլ վերանորոգման նպատակով 90-ականներին քանդվել է ՀՀ հուշարձանների պահպանման և վերանորոգման վարչության կողմից և այդ վիճակով 2001-ին վերադարձվել է Մայր Աթոռին։ Անավարտ և ոչ ավանդական եղանակով կատարված շինարարության հետևանքով բակում ցաքուցրիվ թափված քարերը, տեղահանված գերեզմանաքարերը, գավթի վրա ցցված տգեղ մետաղական ամրաններն այցելուների վրա տհաճ տպավորություն են թողնում և բազմաթիվ դժգոհությունների առիթ տալիս ՀՀ և եկեղեցու իշխանությունների անտարբեր վերաբերմունքից։
Եկեղեցու պատերի քարերն ու լուսամուտների վերին հատվածները փլուզվում են շաղախի բացակայության պատճառով։
Տանիքի սալերի մի մասը խախտված է, իսկ տեղում եղածներն էլ, լինելով տուֆից, ջուր են ներծծում, ինչի պատճառով անձրևների ժամանակ կաթում է։
Ներսի պատերի որմնանկարների հիմնական մասը թափված է, իսկ քարերի ճեղքերն անճաշակորեն շաղախով լցված և ցեմենտի պահեստ եղած ժամանակվա հետքերով են։
Եկեղեցու հին դռները փոխարինել են դիֆտե անճաշակ դռներով` վերանորոգելու փոխարեն:
Տեր Վրթանես քահանա ԲԱՂԱԼՅԱՆ
Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ

Հ. Գ. -Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվը մեր թղթակցի հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ յուրաքանչյուր օր մտածում է այն մասին, թե գմբեթի վնասված հատվածից, «աստված մի արասցե», հանկարծ բեկոր պոկվի և ընկնի եկեղեցու այցելուների վրա: Ըստ նրա, եթե այդպիսի դեպք պատահի, և այցելուն տեղացի կամ Հայաստանի քաղաքացի լինի, համենայն դեպս պատասխանատուները կփորձեն կոծկել այդ իրողությունը: Սակայն, եթե դա պատահի օտարերկրյա զբոսաշրջիկի հետ, ապա դժվար թե կարողանան «ծածկադմփոց» անել: Իսկ այդ պարագայում կտուժի, առաջին հերթին, տուրիզմի ոլորտը, և մյուս զբոսաշրջիկները կխուսափեն Հայաստանի ամենատեսարժան եկեղեցիներն ու վանքերն այցելել: Հոգևոր հովիվը նաև ընդգծեց, որ վերջերս ՀՀ էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչությունից պատասխանատու անձ էր այցելել Օձունի վանք, և տեղեկացել, թե ինչ վիճակում է այն գտնվում, թեև այդ պարագայում նրան, առաջին հերթին, հետաքրքրել է, թե ինչ հնարավորություններ կան տեղում զբոսաշրջությունը զարգացնելու համար: Սակայն հոգևոր հովիվն ընդգծեց, որ չի հիշում, թե վերջին տարիներին մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության վարչությունից որևէ մեկն այցելած և հետաքրքրված լինի Օձունի եկեղեցու ներկայիս վիճակով: Քանի որ, տրամաբանությունը հետևյալն է. եթե եկեղեցին հանձնվել է Մայր Աթոռի ենթակայությանը, ապա իշխանական օղակներն այդտեղ գործ չունեն: Թեև եկեղեցին ոչ միայն եկեղեցական կառույց է, այլև հանրային նշանակություն և ազգային մեծ արժեք ունեցող հուշարձան:
Տպագրության պատրաստեց
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3697

Մեկնաբանություններ